Երևանի «Կենտրոն» վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը հայտարարել է Երևանի առաջիկա ավագանու ընտրություններին մասնակցության մասին:
«Շուտով կհայտարարվեն Երևանի ավագանու ընտրությունները, և ուզում եմ ինձ և մեր մասնագետների թիմին մաղթեք հաջողություն առաջիկա ընտրություններում, ինչպես նաև մեր սիրասուն Երևանի համար այս կարևոր շրջափուլում մեր համատեղ երազանքներն ու քաղաքաշինական իղձերը կյանքի կոչելու դժվարին, պատասխանատու, բայց նաև անչափ հաճելի գործում», – գրել է նա Facebook-ում:
Երևանի ավագանու և, համապատասխանաբար, քաղաքապետի ընտրությունները կանցկացվեն 2023 թվականի սեպտեմբերին։ 2022 թվականի նոյեմբերին Armenia Today-ը քաղաքացիների շրջանում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե երևանցիներն ում են նախընտրում տեսնել որպես Երևանի ապագա քաղաքապետ։ ԶԼՄ-ներում և քաղաքական դաշտում քննարկվել են մի քանի հնարավոր թեկնածուների անուններ, մասնավորապես՝ Երևանի գործող փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի, «Ուժը Հայրենյաց» կուսակցության ներկայացուցիչ Նատալյա Ռոտենբերգի անունները: