ԿԸՀ-ն ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների բոլոր 475 տեղամասերի քվեարկության արդյունքները:
Երևան համայնքի ընտրողների ռեգիստրում հաշվառված է 824 250 քաղաքացի, քվեարկությանը մասնակցել է 234 553 քաղաքացի կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 28.46%-ը։
Ավագանու ընտրություններին մասնակցող 14 քաղաքական ուժերից 4-ը հաղթահարել են կուսակցությունների համար նվազագույն 4% և դաշինքների համար 6% շեմը: Դրանք են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Տիգրան Ավինյանը) հավաքել է 32,57 տոկոս կամ 75,463 ձայն: «Ազգային առաջընթաց» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Հայկ Մարությանը) հավաքել է 18,89 տոկոս կամ 43,765 ձայն: «Մայր Հայաստան» դաշինքը (ցուցակը գլխավորում է Անդրանիկ Թևանյանը) հավաքել է 15,43 տոկոս կամ 35,739 ձայն: «Հանրապետություն» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Արտակ Զեյնալյան) ստացել է 11,32 տոկոս կամ 26,236 ձայն, «Հանրային ձայն» կուսակցություն-9,68% (ցուցակը գլխավորում է Արտակ Գալստյանը):
Քվեարկության արդյունքները մյուս կուսակցությունների համար բաշխվել են հետևյալ կերպ․
«Արդար Հայաստան» կուսակցություն-1.12%
«Հաղթանակ» կուսակցություն-1.71%
«Ուժը հայրենյաց» կուսակցություն-0.74%
«Հայաստանի եվրոպական կուսակցություն-1.11%
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն-0.34%
«Միացյալ Հայաստան» կուսակցություն -0.55%
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն-1.8%
«Ժողովրդավարական Համախմբում» կուսակցություն-1.01%
«Ապրելու երկիր» կուսակցություն-3.64%։
Ըստ նախնական տվյալների՝ Երևանի ավագանու մանդատները բաշխվում են հետևյալ կերպ՝ ՔՊ- 24 մանդատ, «Ազգային առաջընթաց»- 14 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինք- 12 մանդատ, «Հանրապետություն»- 8 մանդատ, իսկ «Հանրային ձայն»- 7 մանդատ։
Տեղական ինքնակառավարման մասին օրենքով 65 պատգամավորից ավագանին ընտրվում է 4 տարի ժամկետով և առաջին նիստում նորընտիր պատգամավորները պետք է ընտրեն Երևանի քաղաքապետին: Առաջիկա նիստի օրը հայտնի չէ։
Քաղաքապետարանի Լրատվության վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանն Armenia Today-ին հայտնեցին, որ նիստի օրը կհայտնի ԿԸՀ-ը՝ սահմանաված կարգով։