Երևանի ավագանու ընտրությունները հեռու էին ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական լինելուց, հայտարարել են «Հայաքվե» նախաձեռնության դիտորդները։
«Քվեարկությունն ուղեկցվել է հանձնաժողովների անդամների վրա ճնշումներով, տարբեր լծակների միջոցով մեծ թվով քաղաքացիների ներգրավմամբ, վստահված անձանց և դիտորդների իրավունքների ոտնահարումներով, ընտրատեղամասերում բացահայտ քարոզչության դրսևորումներով և այլն»,- հայտարարել են նրանք։
Նախաձեռնության պնդմամբ՝ վարչական ռեսուրսն ակտիվորեն օգտագործվել է իշխանամետ քարոզչության համար։ Բացի այդ, նախաձեռնությունը մատնանշում է ընտրություններին աննախադեպ ցածր մասնակցությունը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրություններին մասնակցությունը կազմել է 28,46 տոկոս։
«Հայաքվեն» դիտարկել է նախընտրական քարոզարշավը, քվեարկության ընթացքը և ձայների հաշվարկը Երևանի բոլոր 475 ընտրատարածքներում։ Առաջիկայում հաշվետվություն կհրապարակի մայրաքաղաքի քաղաքապետի ընտրություններում տեղի ունեցած խախտումների ապացույցներով և վերլուծություններով։
Երևանի ավագանու ընտրությունները կայացել են սեպտեմբերի 27-ին։ Նրանց հետևել են «Ականատես», «Անկախ դիտորդ» և «Հայաքվե» դիտորդական խմբերը, ինչպես նաև միջազգային երկու դիտորդական կազմակերպություններ: Ընտրությունները լուսաբանելու համար գրանցվել էին 40 տեղական և 3 արտասահմանյան լրատվամիջոց։ Ըստ ԿԸՀ-ի նախնական տվյալների՝ քաղաքապետարանում կընդգրկվեն հինգ քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Ազգային առաջընթացը», «Հանրապետությունը», «Հանրային ձայնը» և «Մայր Հայաստան» դաշինքը։
Վերին Դվին և Արզնի համայնքներում ՏԻՄ ընտրություններ են
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքում համայնքի ղեկավարի...