«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ վերահաշվարկի դիմում չի ներկայացրել, հայտնել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։
ՔՊ-ում հերքել են տարածվող տեղեկությունը, թե պատրաստվում են վերահաշվարկի դիմում ներկայացնել։
Նման հայտրարարությամբ էր հանդես եկել «Մայր Հայաստան» դաշինքից Երևանի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը։ Վերջինս հայտարարել էր, որ ՔՊ-ն պատրաստվում է վերահաշվարկ իրականացնել և կոչ էր արել պատրաստվել զանգվածային ընդվզման։
Սեպտեմբերի 18-ին «Ազգային առաջընթաց» կուսակցության առաջնորդ Հայկ Մարությանն ավագանի անցած կուսակցություններին առաջարկել էր Երևանի քաղաքապետի ընտրություններում կողմ քվեարկել իր թեկնածությանը, ինչին ի պատասխան «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանն առաջարկել էր ստորագրել փաստաթուղթ և վերահսկողության ապարատը ժամանակավորապես տալ իրեն։
«Ազգային առաջընթաց» կուսակցության երկրորդ համար Հայկ Գրիգորյանը բացառել էր «Մայր Հայաստան» և «Հանրային ձայն» կուսակցությունների հետ կոալիցիա կազմելը։ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հայտարարել էր, թե որ դեպքում կոալիցիա կկազմեն «Ազգային առաջընթաց» և «Հանրային ձայն» կուսակցությունների հետ, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեռևս քննարկում չի ունեցել ընտրություններում անցողիկ շեմն անցած քաղաքական ուժերի հետ համագործակցության հետ կապված հարցով։
Ըստ նախնական տվյալների՝ Երևանի ավագանու մանդատները բաշխվում են հետևյալ կերպ՝ ՔՊ՝ 24 մանդատ, «Ազգային առաջընթաց»՝ 14 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ, «Հանրապետություն»՝ 8 մանդատ, իսկ «Հանրային ձայն»՝ 7 մանդատ։
Երևան համայնքի ընտրողների ռեգիստրում հաշվառված 824 250 քաղաքացուց քվեարկությանը մասնակցել է 234 553 քաղաքացի կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 28.46%-ը։
Ավագանու ընտրություններին մասնակցող 14 քաղաքական ուժերից 5-ը հաղթահարել է կուսակցությունների համար նվազագույն 4% և դաշինքների համար 6% շեմը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Տիգրան Ավինյանը) հավաքել է 32,57 տոկոս կամ 75,463 ձայն: «Ազգային առաջընթաց» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Հայկ Մարությանը) հավաքել է 18,89 տոկոս կամ 43,765 ձայն: «Մայր Հայաստան» դաշինքը (ցուցակը գլխավորում է Անդրանիկ Թևանյանը) հավաքել է 15,43 տոկոս կամ 35,739 ձայն: «Հանրապետություն» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Արտակ Զեյնալյան) ստացել է 11,32 տոկոս կամ 26,236 ձայն, «Հանրային ձայն» կուսակցություն-9,68% (ցուցակը գլխավորում է Արտակ Գալստյանը):