Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթաց» կուսակցությունը հայտարարել է, որ չի միացել որևէ ուժի և որևէ ուժ չի միացել իրենց, տեղեկանում ենք կուսակցության Facebook-յան էջից։
«Որևէ կոալիցիայի մասին խոսք չի գնում։ Մենք ասել ենք, որ դաշինքի չենք գնում, կոալիցիա չենք կազմում որևէ ուժի հետ։
Մենք ասել ենք ու ասում ենք` եթե ավագանու մանդատ ստացած ուժերը իրոք ցանկանում են իշխանությունից զրկել ՔՊ-ին Երևանում, ապա առաջարկում ենք քվեարկեք մեր թեկնածուի օգտին: Մենք վերահաստատում ենք մեր խոստումը և նպատակը` ՔՊ պետք է հեռանա թե Երևանի թե ՀՀ կառավարումից` ստեղծված աղետալի իրավիճակի և բոլոր ոլորտները ձախողելու համար»,-հայտնել են կուսակցությունում։
Նշել են, որ «Մայր Հայաստանը» հայտարարել է, որ պատրաստ է ձայն տալ մեր առաջադրած թեկնածուին։
««Հանրային ձայնը» ևս համաձայն է, բայց պաշտոնի կամ պաշտոնների բաշխման պայման է դրել և պահանջում է կոալիցիոն պայմանագիր կնքել, ինչը հակասում է մեր սկզբնական առաջարկությանը։ Հետագա զարգացումների մասին կտրամադրվեն լրացուցիչ պարզաբանումներ։
Մենք հավատարիմ ենք մնալու մեր նախընտրական խոստումներին ու մեր սկզբունքներին»,-ավելացրել են կուսակցությունում։
Սեպտեմբերի 17-ին մայրաքաղաք Երևանում տեղի էին ունեցել ավագանու 2023 թվականի ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ի արտահերթ նիստում ամփոփել էր Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները՝ համաձայն որոնց անցողիկ շեմը հաղթահարել են հետևյալ ուժերը՝ ՔՊ- 24 մանդատ, «Ազգային առաջընթաց»՝ 14 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ, «Հանրապետություն»՝ 8 մանդատ, իսկ «Հանրային ձայն»՝ 7 մանդատ։
Սեպտեմբերի 18-ին «Ազգային առաջընթաց» կուսակցության առաջնորդ Հայկ Մարությանն ավագանի անցած կուսակցություններին առաջարկել էր Երևանի քաղաքապետի ընտրություններում կողմ քվեարկել իր թեկնածությանը, ինչին ի պատասխան «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանն առաջարկել էր ստորագրել փաստաթուղթ և վերահսկողության ապարատը ժամանակավորապես տալ իրեն։
«Ազգային առաջընթաց» կուսակցության երկրորդ համար Հայկ Գրիգորյանը բացառել էր «Մայր Հայաստան» և «Հանրային ձայն» կուսակցությունների հետ կոալիցիա կազմելը։ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հայտարարել էր, թե որ դեպքում կոալիցիա կկազմեն «Ազգային առաջընթաց» և «Հանրային ձայն» կուսակցությունների հետ, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեռևս քննարկում չի ունեցել ընտրություններում անցողիկ շեմն անցած քաղաքական ուժերի հետ համագործակցության հետ կապված հարցով։
Երևան համայնքի ընտրողների ռեգիստրում հաշվառված 824 250 քաղաքացուց քվեարկությանը մասնակցել է 234 553 քաղաքացի կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 28.46%-ը։