Սեպտեմբերի 9-ից Երևան-Կապան Մ2 միջպետական ճանապարհին՝ Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում, ադրբեջանական իշխանությունները տեղադրել են ոստիկանական հենակետ, որը սեպտեմբերի 11-ից սկսել է գործել: Այս մասին գրել է ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները բացահայտել են ճանապարհի այդ հատվածում մարդու իրավունքների կոպիտ խախտումներ: Մասնավորապես՝
1․ Ադրբեջանական ոստիկանական հենակետի տեղակայումից հետո բացահայտվել է ճանապարհի նշված հատվածում տեղադրված ընդհանուր թվով 10 տեսախցիկ:
2․ Ոստիկանական հենակետում մշտապես ծառայություն է իրականացնում ինքնաձիգներով ու այլ զինատեսակներով ցուցադրական զինված ադրբեջանական առնվազն 4 ծառայող, որոնք գրեթե բոլոր դեպքերում դիմակավորված են՝ դեմքերն ամբողջությամբ փակված:
3․ Ադրբեջանական ոստիկանական հենակետի անմիջապես հարևանությամբ՝ ճանապարհի վրա տեղադրված են արգելապատնեշներ:
Հենակետի զինված ծառայողները առանց որևէ օրինական հիմքերի կանգնեցնում են այդ ճանապարհով օրինական հիմքերով երթևեկող իրանական պետհամարանիշներով բեռնատար ավտոմեքենաներ (օրինակ՝ իբր ամրագոտի չկապելու համար անօրինական պահանջել են դիզվառելիք և այլն):
Բացի այդ, վարորդներից առանց օրինական հիմքերի պահանջում են փաստաթղթեր ու տարբեր չափի դրամական մուծումներ: Ըստ ահազանգերի՝ իրանական վարորդները վճարել են մի դեպքում ՀՀ 3,000 դրամ, մյուս դեպքում՝ ՀՀ 10,000 դրամ, երրորդ դեպքում՝ 120 ԱՄՆ դոլար, չորրորդ դեպքում՝ 50 ԱՄՆ դոլար և այլն»,- գրել է ՄԻՊ-ը: