Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկվում է անցակետեր ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում: Այս մասին Armenia Today-ը տեղեկանում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից:
Նախագծում նշվում է, որ հիմք է ընդունվում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածը, որով կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերը սահմանելու մասին» N 703-Ն որոշման հավելվածը լրացնել նոր տողերով։
«Հայ-ադրբեջանական պետական սահմանում «Սոթք» (Գեղարքունիքի մարզ, Սոթք համայնքից դեպի ՀՀ պետական սահման M11 մայրուղի՝ ավտոմոբիլային), «Երասխ» (Արարատի մարզ, Երասխ համայնք՝ ավտոմոբիլային), «Քարահունջ» (Սյունիքի մարզ, Քարահունջ համայնքից մոտ 7,5 կմ հարավ, հարավ-արևելք Մ2 մայրուղի` ավտոմոբիլային):
Որոշման 1-ին կետով սահմանված պետական սահմանի անցման կետերը գործում են համապատասխան շինարարական և կահավորման աշխատանքներն ավարտելուն հաջորդող օրվանից:
Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: