ՀՀ ՊՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ հերքելով ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե հայկական ԶՈւ-ն հրետակոծել է իրենց դիրքերը։
«Սա հերթական ապատեղեկատվությունն է, որը ինչպես արդեն համոզվել ենք, ծառայում է որպես տեղեկատվական հենք ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ ռազմական ագրեսիա իրականացնելու համար»,- նշել է ՊՆ մամուլի քարտուղարը։
Նա հայտնել է, որ գիշերն ադրբեջանական ԶՈւ-ն, թիրախավորելով ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներ, կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ, իսկ առավոտից սկսել է ինտենսիվ հրետակոծություն՝ մասնավորապես թիրախավորելով Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերն ու սահմանամերձ բնակավայրերը, իսկ մյուս ուղղություններով փոխհրաձգության ինտենսիվությունը թուլացել է։
«Հակառակորդն ստանում է արժանի պատասխան։ ՀՀ զինված ուժերն ամբողջ ծավալով կատարում է իր առջև դրված մարտական խնդիրները։ Ժամը 12։00-ի դրությամբ՝ հակառակորդի ագրեսիայի մնացած ուղղություններում փոխհրաձգության ինտենսիվությունն էապես թուլացել է»,- նշել է Արամ Թորոսյանը։
Հաշվի առնելով, որ սոցիալական տարբեր հարթակներում մեծ ծավալով տարածվում են ադրբեջանական քարոզչամեքենայի պատրաստած, այդ թվում նաև կեղծ և դեռևս 44-օրյա պատերազմի օրերին արված տեսանյութերը, ՀՀ ՊՆ-ն կոչ է անում ձեռնպահ մնալ դրանց որևէ կերպ անդրադառնալուց, առավել ևս՝ հրապարակելուց։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 49 զոհ ունի, տվյալները վերջնական չեն:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: Այս մասին գրում է Առաջին ալիքը, որին լուրը փոխանցել են ՀՀ կառավարությունից: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստացել են ՀՀ դիմումը և ռուսական միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հավելենք նաև, որ ՀՀ ԱԺ-ն Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ հայտարարություն է ընդունել: