Ադրբեջանական կողմը հերթական հարձակումն ու ագրեսիայի աշխարհագրության ընդլայնումն է նախատեսում Հայաստանի դեմ: Այդ մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը:
«Այս պահին հաղորդագրություններ են ստացվում այն մասին, որ փխրուն հրադադարի վրա վտանգ է սպառնում, որ Ադրբեջանը հերթական հարձակումն է ծրագրում՝ ընդլայնելով ագրեսիայի աշխարհագրությունը Նախիջևանի ուղղությամբ, որպեսզի իրականացնի իր ապօրինի նկրտումները և արտատարածքային միջանցք ստեղծի Հայաստանի ինքնիշխան տարածքի վրայով», – ասել է դիվանագետը:
Նա ընդգծել է, որ սեպտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը հանցավոր ագրեսիա է իրականացրել Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ, ինչը դարձել է միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում:
Մարգարյանի տեղեկություններով՝ Բաքվի ագրեսիայի հետևանքով 105 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են, ինչպես նաև տասնյակ մարդիկ անհետ կորել են, ինչպես նաև Ադրբեջանի կողմից առևանգվել է առնվազն 7 ռազմագերի, տեսագրությունների համաձայն՝ դրանք կարող են ավելի շատ լինել: Բացի այդ, հարվածների են ենթարկվել ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանցի լրագրողներ։
Ագրեսիայի ընթացքում օկուպացվել է Հայաստանի ավելի քան 10 քառ.կմ տարածք, լուրջ վնաս է հասցվել քաղաքացիական բնակավայրերին և ենթակառուցվածքներին, մասնավորապես, նախնական տվյալներով տուժել են քաղաքացիական անձանց շուրջ 200 տներ, ավելի քան 60-ն ամբողջությամբ ավերվել են: Ադրբեջանական հարձակման հետևանքով առնվազն 2750 մարդ է տեղափոխվել, այդ թվում՝ 370 երեխա և 55 հաշմանդամություն ունեցող անձ։
Մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ Ջերմուկ առողջարանային քաղաքի գնդակոծումը, որը բացարձակապես ռազմական նպատակ չէ, ոչ այլ ինչ է, քան ռազմական հանցագործություն, նաև այդպիսին են Կեչուտի ջրամբարին հասցված հարվածները, ինչը կարող է աղետալի հետևանքներ ունենալ մարդկանց և բնապահպանության համար:
Դիվանագետի խոսքով՝ Հայաստանի տարածքներին ուղղված վերջին հարվածները հաստատում են, որ պատասխանատվության ենթարկելու պատշաճ միջոցների բացակայության պայմաններում Բաքվի կողմից ագրեսիայի քաղաքականությունը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի, դրանց մասշտաբն ու ընդգրկումը նույնիսկ կավելանան: Նա ընդգծել է, որ Բաքվի գործողությունները ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների, ինչպես նաև Հելսինկյան Եզրափակիչ ակտի և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում են:
«Մենք կոչ ենք անում Անվտանգության խորհրդին և կոչ ենք անում նրան կատարել ՄԱԿ-ի կանոնադրության՝ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման գծով իր վրա դրված պարտականությունները։ Ադրբեջանը պետք է կատարի իր մարդասիրական պարտավորություններն այն հարցում, ինչ վերաբերում է հայ ռազմագերիներին, ինչպես նաև պահպանի մշակույթի և կրոնի հուշարձանները, ինչպես նաև զբաղվի հակահայկական հռետորաբանության խնդրով: « … » Մենք հույս ունենք, որ այս քննարկումը և արտակարգ նիստը շոշափելի արդյունքներ կտա», – ասել է նա։
Դիվանագետն ընդգծել է Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան վճռականորեն դատապարտելու, Հայաստանի տարածքից զինված ուժերի անհապաղ և անվերապահ դուրսբերում պահանջելու անհրաժեշտությունը, Հայկական կողմը նաև պահանջել է ապագայում զերծ մնալ հանրապետության տարածքի և տարածքային ամբողջականության նկատմամբ ագրեսիայի ցանկացած ակտերից:
«Կոչ ենք անում Անվտանգության խորհրդին կոչ անել Ադրբեջանին, որպեսզի նա խաղաղ մասնակցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված հարցերի շուրջ բանակցություններին, ներառյալ կարգավիճակի հարցը։ Կոչ ենք անում ազատ արձակել և հայրենադարձել բոլոր հայ ռազմագերիներին», – ընդգծել է ՀՀ մշտական ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 105 զոհ ունի:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: Այս մասին գրում է Առաջին ալիքը, որին լուրը փոխանցել են ՀՀ կառավարությունից: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստացել են ՀՀ դիմումը և ռուսական միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Սեպտեմբերի 15-ին «Հանրային» հ/ը-ի հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ճնշման արդյունքում ադրբեջանական հնարավոր է եղել հասնել հրադադարի ռեժիմի։