Սեպտեմբերի 22-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Հայաստանում ՀԱՊԿ առաքելության աշխատանքի շրջանակներում այցելել է Վայոց Ձորի մարզի սահմանամերձ շրջան՝ Ադրբեջանի Հանրապետության հետ սահման։ Այս մասին հայտնում են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից։
Ստանիսլավ Զասը հանդիպել է շփման գծում տեղակայված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումների հրամանատարների, տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ:
Նա նաև դիտել է գնդակոծության ենթարկված վայրերը, զրուցել մարտական գործողություններին մասնակցած զինծառայողների հետ:
Նշենք, որ ՀԱՊԿ առաքելությունը՝ կազմակերպության գլխավոր քարտուղարի գլխավորությամբ, Հայաստան է ժամանել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերի 13-ի արտահերթ նիստի որոշման համաձայն:
Առաքելության վրա դրված են ստեղծված իրավիճակի գնահատման, տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին հանգամանալից զեկույց պատրաստելու և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության ապաէսկալացման վերաբերյալ առաջարկությունների մշակման խնդիրներ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: