Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու-Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում, հանդիպում է ունեցել Սլովենիայի նախագահ Բորութ Պահորի հետ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիային: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ 36 բնակավայրերի թիրախավորման փաստը, ինչի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր ու վիրավորներ, այդ թվում` քաղաքացիական անձանց շրջանում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ադրբեջանական գործողությունների դատապարտման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման ուղղությամբ միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:
Սլովենիայի նախագահը մտահոգություն է հայտնել տեղի ունեցած դեպքերի առնչությամբ և կարևորել տարածաշրջանային խնդիրների` բանակցային եղանակով կարգավորման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-սլովենական հարաբերությունների հետագա զարգացման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: