«Հրապարակ»-ին Ջերմուկից մեզ հաղորդել են, որ թշնամին ոչ միայն հետ չի քաշել իր ուժերը, այլեւ ամեն օր ամրացնում է դիրքերը։
Թերթը գրում է, որ «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանը իր հետ զրույցում ասել է՝ Ջերմուկը հիմա վտանգի տակ է՝ ցանկացած պահի կարող են մինամյոտներով քաղաքը հավասարեցնել հողին։
«Ընդամենը 4 կիլոմետր, Ջերմուկի «Գոմեր» կոչվող հատվածի վերեւը նստած են թուրքերը ու շատ քրտնաջան շինաշխատանքներ են կատարում, ճանապարհներ են սարքում, ու տեսնեք՝ ինչ ձեւի»,- ասել է նա։
Հարցին, թե ինչքա՞ն են առաջ եկել եւ ի՞նչ աշխատանքներ են իրականացնում, Գասպարյանը պատասխանել է.
«Ամբողջ գծով, բացի մի կետից, որ մեր ջոկատն էր, որտեղ մի սանտիմետր թշնամին առաջ չի եկել, մնացած տեղերում մինչեւ ութ կիլոմետր ներխուժել են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք։ Ջերմուկի ուղղությամբ բոլոր ռազմավարական բարձունքները գտնվում են Ադրբեջանի հսկողության տակ, նախկին մեր դիրքերի 90 տոկոսը, որոնք մեր զինվորներն էին պահում, հիմա ադրբեջանցիներն են այդ դիրքերում նստած։ Մոտավորապես 15 դիրք ենք կորցրել։ Մի դիրքն էլ մյուսից մեկ, երկու, երեք, չորս, երբեմն ավելի կիլոմետր տարածքով են իրարից հեռու»։
Պատմելով ադրբեջանցիների կատարած աշխատանքի մասին՝ Գասպարյանն ասել է.
«Նրանք ցանկացած պատերազմի ժամանակ երբ տարածք են գրավում, առաջինը ճանապարհներ են կառուցում ու շատ արագ։ Նպատակը, որ արագ զինտեխնիկա, զորք շարժեն այդ ճանապարհով։ Մեր տարածքներում մարդիկ ոտքով են սնունդ հանում, թշնամին այնպիսի արագությամբ է ճանապարհներ սարքում, այնպիսի որակի, որ կարող եք այդ սարերի մեջ անգամ մարդատար մեքենաներով արագընթաց սլանալ։ Իրենց զինվորի մասին մտածելով՝ խրամատներ են փորում՝ երկաթբետոնե, ահռելի ծավալով, մրջյունների նման աշխատում են։ Անգամ վերջերս, երբ մեր տրակտորին ու կամազին խփեցին, այդ ժամանակ դա մեր վերահսկողության տակ էր… խփեցին ու բերեցին իրենց դոմիկները հենց այդ բլուրում դրեցին ու նստեցին։ Ու հակահարված չեղավ, որովհետեւ կրկին արգելված էր կրակ բացել»։
Սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու, խոշոր տրամաչափի զինատեսակների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ սկսել է գնդակոծել հայկական դիրքերն ու քաղաքացիական օբյեկտները Գորիսի, Սոթքի, Ջերմուկի և Սյունիքի, Գորիսի, Վայոց ձորի այլ բնակավայրերի ուղղությամբ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 10 քառ. հանրապետության կմ տարածք անցել Ադրբեջանի ԶՈւ-ի վերահսկողությանը: Վերջին տվյալներով՝ հայկական կողմից զոհվածների և անհետ կորածների թիվը 207 մարդ է։ Սեպտեմբերի 28-ին սահմանին ադրբեջանական սադրանքի արդյունքում ևս 3 հայ զինծառայող է զոհվել։
Ադրբեջանն իր կողմից հայտնել է 77 մահվան մասին։ Հայաստանի կառավարությունը դիմել է Ռուսաստանին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին՝ կապված Ադրբեջանի ագրեսիայի հետ։ Սեպտեմբերի 14-ի երեկոյան Երևանն ու Բաքուն միջազգային հանրության աջակցությամբ կարողացան պայմանավորվել զինադադարի շուրջ։