Հոկտեմբերի 28֊ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության խնդիրների, մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի շուրջ։
Արարատ Միրզոյանը և Տոյվո Կլաարը կարևորել են ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում և անդրադարձել առաքելության գործունեությանը։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, ինչպես նաև սահմանային անվտանգության և սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի վերաբերյալ:
Արարատ Միրզոյանը վերահաստատել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ վերջին ագրեսիայի հետևանքների վերացման, մասնավորապես` ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման անհրաժեշտությունը:
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Երևանում Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյուիթֆելդտի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ քննարկվում է հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ դիտորդների կողքին ԵԱՀԿ դիտորդների տեղակայման հարցը։
Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ հայտարարություն են ընդունել հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպման արդյունքներով։ Հայտարարության համաձայն, Հայաստանը, -մասնավորապես, համաձայնել է խրախուսել ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանին։ Առաքելությունն իր աշխատանքը կսկսի հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։ Առաքելության նպատակն է լինելու վստահություն ստեղծել և օգնել սահմանային հանձնաժողովներին իրենց զեկույցների միջոցով։