Հակառակորդի սեպտեմբերյան ագրեսիայից հետո ունենք ոչ գծագրվող առաջնագիծ, որտեղ հակառակորդի մի շարք խմբեր մխրճված են, մեր որոշ ստորաբաժանումներ որոշ ուղղություններով գտնվում են հակառակորդի շփման գծից առաջ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։
«Դիրքային փոխհրաձհությունների արդյունքում հակառակորդի մխրճված ստորաբաժանումները հետ են քաշվել, նաև կրել են կորուստներ», – հայտարարեց նա՝ հավելելով, որ ներկա դրությամբ Ջերմուկի ուղղությամբ ունենք գծագրված առաջնագիծ, որն ապահովում է Ջերմուկի անվտանգությունը։ «Մենք ամրանում ենք մեր բնագծերում», – նշեց Ասրյանը։
«Սեպտեմբերի 16-ից հետո այցելել եմ Ջերմուկ, այնտեղ իրավիճակը հարաբերական կայուն է»,-ընդգծեց զինվորական պաշտոնյան։
Անդրադառնալով հակառակորդի Ջերմուկից 4.5 կմ հեռավարության լինելուն, նա նշեց, որ դա քաղաքի հյուսիս-արևելյան ծայրամասից է այդքան կազմում, այլ հատվածներից հակառակորդն ավելի հեռու է։
Ասրյանի փոխանցմամբ՝ սահմանագծի ողջ երկարությամբ ներկայումս լայնածավալ ամրաշինական աշխատանքներ են իրականցվում։ «Տեխնիկայի միջոցով»,-ընդգծեց նա։
Սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու, խոշոր տրամաչափի զինատեսակների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ սկսել է գնդակոծել հայկական դիրքերն ու քաղաքացիական օբյեկտները Գորիսի, Սոթքի, Ջերմուկի և Սյունիքի, Գորիսի, Վայոց ձորի այլ բնակավայրերի ուղղությամբ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հանրապետությունից 10 քառ. կմ տարածք անցել Ադրբեջանի ԶՈւ-ի վերահսկողությանը: Վերջին տվյալներով՝ հայկական կողմից զոհվածների և անհետ կորածների թիվը 207 մարդ է։ Սեպտեմբերի 28-ին սահմանին ադրբեջանական սադրանքի արդյունքում ևս 3 հայ զինծառայող է զոհվել։
Ադրբեջանն իր կողմից հայտնել է 77 զինվորականի մահվան մասին։ Հայաստանի կառավարությունը դիմել է Ռուսաստանին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին՝ կապված Ադրբեջանի ագրեսիայի հետ։ Սեպտեմբերի 14-ի երեկոյան Երևանն ու Բաքուն միջազգային հանրության աջակցությամբ կարողացան պայմանավորվել զինադադարի շուրջ։