Ես դիմել եմ ԱԺ-ին, Կառավարությանը, խնդրել եմ ամեն տեղից մարդ գա, նստենք, հասկանանք ինչ իրավիճակ է։ Ինչին դիմադրենք, ինչին չդիմադրենք։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Տեղ համայնքի ավագանու անդամ Մասիս Զեյնալյանը։
Ըստ Զեյնալյանի՝ հիմա համայնքի ղեկավարը ոչ մի հարցով չի բանակցում։ Ըստ նրա՝ իրավիճակը նորմալ է, մարդիկ իրենց բնականոն կյանքով են ապրում։
«Մեր հատվածում տեղակայվում են, քանի որ ես շատ եմ ուզում մոտիկանամ արգելված է ոստիկանական հենակետից, չգիտեմ սեփական հողում դառել ենք կալանավոր»,-նշեց նա։
Նա հայտնել է, որ ադրբեջանցիները տեղակայվել են Տեղ գյուղի վարչական տարածքում։ «Մեր հիմնական, սեփական, կադաստրով, պեչատով մեր սեփական հողում թուրքը նստած ամրաշինական աշխատանք է անում, իրենց դրոշը խփած»,-հայտարարեց նա։
Ավագանու անդամը հայտնեց, որ որոշ հատվածներում առաջընթաց կա։ «Որոշ տեղերում արոտավայրերը մեր հսկողության տակ են։ Գյուղի մեծ մասը, որ պատերազմից առաջ Արցախում էր աշխատում, հիմա դարձել է գործազուրկ»,-հայտարարեց նա։
Նա փոխանցեց, որ ԱԱԾ սահմանապահներն արդեն տեղակայվել են։
Մարտի 30-ի երեկոյան ՀՀ ԱԱԾ-ն հաղորդել էր, որ ադրբեջանական կողմը Սյունիքի սահմանային հինգ հատվածներում 100-300 մետր ավելի առաջ է տեղակայվել։ Նշվում է, որ տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ: