Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կրակոցների հետևանքով վիրավորվել են Հնդկաստանի երկու քաղաքացիներ, ովքեր ոչ մի առնչություն չեն ունեցել զինվորական ծառայության հետ, օտարերկրյա դեսպանների հետ զրույցում ասել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Սասուն Բադասյանը։
«Այստեղ են վիրավորվել գործարանի երկու աշխատակիցները՝ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիները, ովքեր ընդգրկված չէին զինվորական ծառայության մեջ և իրենց աշխատանքն էին կատարում իրենց համար նախընտրելի գործարանում։ Նույն բանը կարող է տեղի ունենալ ցանկացած վայրում, ցանկացած հանրապետության քաղաքացու հետ », – նշել է Բանակային կորպուսի հրամանատարը՝ պատասխանելով օտարերկրյա դեսպաններից մեկի՝ իրենց գտնվելու վայրի մասին հարցին։
Օտարերկյա դեսպաններից մեկը խնդրեց ցույց տալ, թե որտեղ է գտնվում սահմանը՝ կասկածի տակ առնելով հանգամանքը, թե ինչպես կարելի է տվյալ հատվածից կրակ արձակել գործարանի ուղղությամբ։
«Ես հիմա հատուկ եմ ընտրել այնպիսի վայր, որ ապահով լինի, բայց մի քիչ ձախ գնալու դեպքում կարելի է տեսնել սահմանը»,- նշել է Բադասյանը՝ հավելելով, որ Երասխի մետալուրգիական գործարանը գտնվում է սահմանից 400 մետր հեռավորության վրա։
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր փուլը սկսվել է հունիսի 13-ին, երբ, ըստ ՊՆ-ի, ժամը 18:40-ի սահմաններում ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Երասխում տեղակայված հայ դիրքապահների ուղղությամբ։ Գնդակոծության հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա և այլ քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Հունիսի 14-ին Ադրբեջանը կրակ է բացել Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ։ Պաշտպանության նախարարությունն ավելի ուշ հայտնել է, որ երկու օտարերկրացի՝ Հնդկաստանի քաղաքացիներ Մուհամմադ Ասիֆը և Միրհասան Սահաջանը վիրավորվել են, նրանց վիրահատել են։ Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հայտարարել է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի միտումի մասին։