Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկատվական հիմք է ստեղծում հերթական սադրանքի համար, այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ տեղեկացնելով Բաքվի հերթական ապատեղեկատվության մասին։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները 10:45-ից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է հայտարարությունում:
Հունիսի 16-ին Արցախի և Հայաստանի ՊՆ-ները հերքել էին կրակոցների վերաբերյալ հակառակորդի տարածած ապատեղեկատվությունը։ Հայաստանի ԱԱԾ սահմանապահ ծառայությունը հունիսի 15-ի առավոտյան հայտնել էր, որ հայկական ստորաբաժանումները կանխել են Հակարիի կամրջի ուղղությամբ ադրբեջանցի սահմանապահների փորձը՝ Հայաստանի տարածքում Ադրբեջանի դրոշը տեղադրելու նպատակով։ Ավելի ուշ համացանցում հայտնվել էր տեսանյութ, որում ադրբեջանցիները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ փորձում էին Ադրբեջանի դրոշը տեղադրել Հայաստանի տարածքում։
Նույն օրն ադրբեջանական ստորաբաժանումները, այդ թվում՝ ականանետային կրակոցներ էին արձակել Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտակայքում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով Հայաստանի ԱԱԾ սահմանապահ է վիրավորվել։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր նաև Կապանի շրջանում ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին։
: