ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Գեղարքունիքում և Սյունիքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
«Հունիսի 18-ին՝ ժամը 03:20-04:10-ը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել սահմանագոտու արևելյան (Վերին Շորժա, Սոթք) և հարավարևելյան (Ներքին Հանդ) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,-հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
ՊՆ-ից տեղեկացնում են, որ հայկական կողմում տուժածներ չկան:
Հունիսի 17-ին՝ ժամը18:40-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ էին բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությունը մեծացել է այն բանից հետո, երբ ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությունը հունիսի 15-ի առավոտյան հայտնել է, որ հայկական ստորաբաժանումները կանխել են ադրբեջանցի զինծառայողների՝ Հակարի կամրջի ուղղությամբ առաջ շարժվելու փորձը։ Նրանք Հայաստանի տարածքում Ադրբեջանի դրոշը տեղադրելու նպատակ ունեին: Ավելի ուշ համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ ադրբեջանցիները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ փորձում են Հայաստանի տարածքում տեղադրել Ադրբեջանի դրոշը: Նույն օրը՝ հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ։ Միջադեպի հետևանքով վիրավորվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահը: Հունիսի 15-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր նաև Կապանի շրջանում ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին։