Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող մետալուրգիական գործարանն իր Youtube-յան ալիքում հրապարակել է Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից այսօր՝ հունիսի 27-ին արձակված կրակոցների մասին փաստող տեսանյութը։
Տեսանյութում երևում է, թե ինչպես են թիրախավորում գործարանը, աշխատողներին, ինչպես նաև տեխնիկան։
Ավելի քան 10 օր է՝ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները թիրախավորել են նաև գործարանը, որի ուղղությամբ պարբերաբար կրակ են արձակում։
ՀՀ ՊՆ-ն այսօր ևս հայտնել է, որ հունիսի 27-ին՝ ժամը 13:15-ին, Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանի ուղղությամբ։
Հայաստանի ԱԱԾ սահմանապահ ծառայությունը հունիսի 15-ի առավոտյան հայտնել էր, որ հայկական ստորաբաժանումները կանխել են Հակարիի կամրջի ուղղությամբ ադրբեջանցի սահմանապահների փորձը՝ Հայաստանի տարածքում Ադրբեջանի դրոշը տեղադրելու նպատակով։ Ավելի ուշ համացանցում հայտնվել էր տեսանյութ, որում ադրբեջանցիները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ փորձում էին Ադրբեջանի դրոշը տեղադրել Հայաստանի տարածքում։
Նույն օրն ադրբեջանական ստորաբաժանումները, այդ թվում՝ ականանետային կրակոցներ էին արձակել Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտակայքում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով Հայաստանի ԱԱԾ սահմանապահ է վիրավորվել։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր նաև Կապանի շրջանում ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։