ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի Ախպրաձորի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակոցից զինծառայող է զոհվել։
«Օգոստոսի 21-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Ախպրաձորի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, որի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող Վանիկ Արամի Ղազարյանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է Վերին Շորժայի և Սյունիքի մարզի հայկական դիրքերի ուղղությամբ:
Օգոստոսի 19-ին ևս Ադրբեջանի ԶՈՒ-ն ժամը 15:25-16:10-ն ընկած ժամանակահատվածում կրակ էր բացել Ախպրաձորի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։