Ադրբեջանը կրակ է բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
«Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 01:35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Նորաբակի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:»,- ասված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունից հերքել են Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը այն մասին, որ ՀՀ ԶՈՒ-ն սեպտեմբերի 6-ին ժամը 23:10-ի սահմաններում կրակ է բացել իրենց դիրքերի ուղղությամբ:
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր փուլ է սկսվել սեպտեմբերի 1-ին, երբ, ըստ ՀՀ ՊՆ-ի, ժամը 07:50-ից Ադրբեջանի Զինված ուժերը ինտենսիվ կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Սոթքում և Նորաբակում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ: Հայաստանը հայտնել է ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրետակոծության հետևանքով 4 զոհի և մեկ վիրավորի մասին, Ադրբեջանը հայտնել է երեք վիրավորի մասին։