Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հայտարարել է Ադրբեջանի հետ սահմանին անսովոր ռազմական տեղաշարժերի բացակայության մասին։
«Այսօր առաքելությունը կրկին պարեկություն է իրականացրել հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում, մեր դիտորդները ռազմական ոչ մի արտառոց տեղաշարժ չեն նկատել։ Զատիկի երկուշաբթին խաղաղ է անցել»,- ասվում է առաքելության հաղորդագրության մեջ:
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն էլ նշել է, որ առաքելությունը կարևոր գործառույթ է իրականացնում թափանցիկության ապահովման գործում և բաց է նաև Ադրբեջանի հետ փոխգործակցության համար։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր Ադրբեջանի ՊՆ երկրորդ հաղորդագրությունը երկու երկրների սահմանին հայկական զինված ուժերի ենթադրյալ կուտակումների մասին։