Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ-ն։
«Մասնավորապես, Տավուշի մարզի Մովսես գյուղում վնասվել են տներ և գերեզմանաքար, իսկ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում՝ քաղաքացիական մեքենա: ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է օրենքով նախատեսված գործողություններ, ինչից հետո փաստաթղթերը կներկայացվեն Քննչական կոմիտե»,- ասված է հաղորդագրությունում։
Ադրբեջանի ԶՈւ-ն ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի սահմանագոտու ՀՀ ԶՈւ դիրքերի ուղղությամբ փոփոխական ինտենսիվությամբ և անկանոն կրակ է բացել տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից։ ՀՀ ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել իրադրության սրմանը հասնելու գործողությունները։