Ապրիլի 8-ին՝ ժամը 22։50-ի սահմաններում, ադրբեջանական կողմից հրաձգային զենքից արձակված անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի տներից մեկի տանիքը և պատուհանը, հայտնել է ՀՀ ՆԳՆ-ն։
Ըստ գերատեսչության հաղորդագրության՝ ադրբեջանական կողմի կրակոցների պատճառով Տեղ գյուղի բնակիչներին այլ վնասներ չեն հասցվել։
Նախարարությունը տեղեկացրել է, որ ոստիկանությունը ձեռնարկում է օրենքով նախատեսված գործողություններ, ինչից հետո փաստաթղթերը կներկայացվեն Քննչական կոմիտե:
Նախարարությունն ապրիլի 8-ին հերքել էր Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 8-ին՝ ժամը 23։35-23։45-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Ապրիլի 5-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր Տավուշի և Գեղարքունիքի հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդի կրակոցների մասին։ Ապրիլի 2-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ ադրբեջանական ԶՈւ-ն կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Կութ և Սյունիքի մարզի Տեղ բնակավայրերում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։