Ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Ներքին Խնձորեսկ հատվածում ՀՀ քաղաքացի հանդիսացող հովիվը մոլորված հոտին փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում և իրադրության բերումով՝ երկու կողմերի սահմանապահների միջև հրաձգություն է տեղի ունեցել, հայտնում է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը։
ԱԱԾ-ն նշել է, որ միջադեպի հետևանքով ադրբեջանական կողմն ունի մեկ վիրավոր: ԱԱԾ-ից տեղեկացրել են նաև, որ հովիվն այժմ գտնվում է ՀՀ տարածքում, ադրբեջանական կողմը վերադարձրել է մոլորված հոտը:
ԱԱԾ-ն Ադրբեջանի սահմանապահ զորքերի հետ համատեղ քննության պատրաստակամություն է հայտնել։
«ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը պատրաստ են Ադրբեջանի սահմանապահ զորքերի հետ համատեղ քննության: Անկախ համատեղ քննությունից՝ ՀՀ սահմանապահ զորքերն իրականացնում են սեփական քննությունը, արդյունքների մասին կհաղորդվի լրացուցիչ: Պարզաբանման ենթակա է նաև հարցը, թե ինչո՞ւ և ինչպե՞ս են հովիվն ու հոտը հատել սահմանը: Հայկական կողմի համար նման միջադեպերը ցանկալի չեն»,- ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։