ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 5-ին՝ ժամը 09։55-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- հայտարարել են ՀՀ ՊՆ-ում։
Գերատեսչությունը հիշեցրել է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։