Սյունիքի մարզի Խոզնավար համայնքում պատերազմից հետո թշնամուն է անցել 250 հա արոտավայր, 80 հա խոտհարք, 15 հա վարելահող: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Խոզնավարի բնակիչ, նախկին համայնքապետ Վարո Գրիգորյանը։ Վերջինս պատմել է, որ գյուղը 3 կողմից շրջապատված է ադրբեջանական դիրքերով, գյուղից դուրս գալու միայն մեկ ճանապարհ կա, այն էլ թշնամու անմիջական նշանառության տակ է:
«Թշնամին 500-600 մետր հեռավորության վրա գտնվում ճանապարհից, ապահով չէ ճանապարհը: Գյուղն էլ թերակղզու նման շրջապատված է ադրբեջանցիներով, դիմացն էլ մերոնք են կանգնած»,-ասել նա:
Անդրադառնալով վարչապետի առաջարկած հայելային հետ քաշման տարբերակին, նախկին գյուղապետը նշեց, որ հետ քաշվելու տեղ իրենք չունեն, կամ պետք է դուրս գան գյուղից. «Դա ճիշտ չէ, իմ կարծիքով, իրենք եկել տեղավորվել են, որ հետ գնալու լինեին, հիմա գնացել էին»:
Գյուղում իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան: