Օգոստոսի 26-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին։ Այս մասին հայտնում են Վայոց ձորի մարզպետարանից:
Դեսպան Ֆան Յոնգն իր խոսքում նշել է, որ 30 տարիների արդյունավետ դիվանագիտական հարաբերությունների շնորհիվ ստեղծվել են համագործակցության բոլոր հիմքերը, և համատեղ ուժերի ներդրմամբ հնարավոր կլինի հասնել կողմերի առջև ուղենշված բոլոր նպատակների իրականացմանը։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են Վայոց ձորի տնտեսության գերակա ուղղությունները, տնտեսական ներկայիս իրավիճակը և զարգացման միտումները` հատուկ անդրադարձ կատարելով գինեգործության և զբոսաշրջության ոլորրտներին։
Զբոսաշրջության ոլորտում երկուստեք ընդգծվեց մարզի հարուստ պատմամշակութային արժեքների և ներուժի՝ Չինաստանից ժամանած զբոսաշրջիկների շրջանում հանրայնացնելու կարևորությունը։ Այդ համատեքստում հյուրերն այցելեցին նաև Վայոց ձորի այցեքարտ հանդիսացող, Հայաստանի հոգևոր և մշակութային կենտրոններից մեկը՝ Նորվանաք վանական համալիր։