Արդեն երկու օր է բացարձակ կրակոց չկա։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց Վարդենիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Մկրտչյանը՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին։
Նա դիմելով բնակիչներին՝ հայտարարեց, որ տարհանման մասին նորությունները չեն համապատասխանում իրականությունը և հորդորեց խուճապի չմատնվել։
«Վարդենիս համայնքն ունի 34 բնակավայր, բոլոր ղեկավարներն իրենց տեղերում են, իրականացնում են իրենց հերթապահությունը»,-նշեց նա՝ հավելելով, որ բնակիչների հետ բացատրական աշխատանքներ են տանում, որ ադրբեջանական նոր հարձակման մասին ապատեղեկատվությունները չտարածվեն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ կողմից զոհերի թիվը 135 է, սակայն սա վերջնական թիվ չէ։ ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հայտնել է, որ հակառակորդը մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով մինչև 7,5 կիլոմետր խորությամբ։ Ըստ նրա՝ ադրբեջանցիները Ջերմուկի մատույցներից 4,5 կմ տարածության վրա են՝ հավելելով, որ Ներքին Հանդի և Շորժայի ուղղությամբ ադրբեջանցիները մխրճվել են 1,5, Իշխանասարի ուղղությամբ՝ 0,5 կմ:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին:
Սեպտեմբերի 15-ին «Հանրային» հ/ը-ի հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ճնշման արդյունքում ադրբեջանական հնարավոր է եղել հասնել հրադադարի ռեժիմի։