Տավուշի մարզի մոտ 5 հազար հեկտար տարածք Ադրբեջանի վերահսկողության տակ է գտնվում։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին ասաց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Նա նշեց, որ Տավուշի սահմանամերձ որոշ գյուղեր Ադրբեջանին փոխանցելու հարց այս պահին չի քննարկվում։ Մարզպետը հրաժարվեց պատասխանել բոլոր ճշտող հարցերին։
Իրավիճակը սահմանին, ըստ Ղալումյանի, կայուն է՝ երբեմն կրակոցներ են հնչում, բայց 2020 թվականից հետո ոչ մի լուրջ բան տեղի չի ունենում։ Մարզպետը հերքեց նաև Տավուշի սահմանին ռուս խաղաղապահների անցակետի տեղադրման մասին տեղեկությունները։
Ավելի վաղ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հոկտեմբերի 31-ին կայացած ճեպազրույցում ասել էր, որ սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ Ջերմուկի տարածաշրջան հայկական տարածք ներթափանցած հակառակորդի խմբերը նահանջել են՝ կորուստներ կրելով։ Ասրյանի խոսքով՝ Ջերմուկի ուղղությամբ կա հստակ առաջնագիծ, որն ապահովում է քաղաքի անվտանգությունը, Ջերմուկի տարածաշրջանում իրավիճակը համեմատաբար կայուն է։ Ասրյանը տեղեկացրել էր նաև, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները գտնվում են Ջերմուկի հյուսիսարևելյան ծայրամասից 4,5 կմ և քաղաքի կենտրոնից 5,5-6 կմ հեռավորության վրա։