Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն 2023թ. գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու են օպտիմալացնում ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները, այդ թվում՝ Մեղրիում և Վարդենիսում։
«Այս պրոցեսի հետ կապված շատ շահարկումներ կան։ Երբ Մեղրիի դատարանն էր օպտիմալացվում, քաղաքական շահարկումների տեղիք էր տալիս, հիմա էլ մեր որոշ գործընկերներ նույնն անում են Վարդենիսի հետ կապված»,- ասել է Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ Հանրապետության ողջ տարածքում նախատեսում են օպտիմալացումներ իրականացնել և ցույց է տվել օպտիմալացումների քարտեզը։
«Վայք, Արարատ, Նոր Հաճն, այսինքն` մենք ունենք Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում, գործնականում բոլոր տեղերում օպտիմալացում, Երևան քաղաքում էլ։ Չի կարելի այդ շահարկումների հետևանքով մեր բարեփոխումների գործընթացները կանգնեցնել»,- ասել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը հունվարի 19-ին հայտարարել էր, որ «Մեղրին «դատարկելու» մասին շրջանառվող լուրերը կեղծ են»։ «Իշխանությանը վարկաբեկելու նպատակով որոշ շրջանակների կողմից չարամտորեն կեղծ լուրեր են տարածվում, թե Մեղրիում պետական կառույցները փակվում են, իբրև իշխանությունը պատրաստվում է Մեղրին հանձնել»,- գրել էր Չախոյանը։