Նոյեմբերյան համայնքի Բաղանիս, Ոսկեպար գյուղերի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքները պարունակում են ծայրահեղ վտանգավոր ռիսկեր, նման հայտարարությամբ է հանդես եկել Նոյեմբերյան համայնքը։
Մասնավորապես, նոր սահմանի առկայությունը համայնքի տարածքի կարևորագույն հատվածներ դարձնում է խոցելի, որն էական վտանգ է ներկայացնելու համայնքի բնակչության համար։
«Մենք աջակցում ենք խաղաղության հաստատմանը, սակայն սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է այն պարագայում, երբ ադրբեջանական զինուժը Հայաստանի բազմաթիվ տարածքներ շարունակում է պահել օկուպացված, այդ թվում՝ Տավուշի մարզում»,- ասված է հայտարարությունում։
Ըստ հաղորդագրության՝ այս պարագայում իրատեսական չէ խոսել մի քանի գյուղի տարածքում խաղաղության մասին։
«Մեզ համար ընդունելի չէ նման ձևաչափով սահմանազատման իրականացումը, հետևաբար՝ Նոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում՝ սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան»,- նշված է հայտարարությունում։
ՀՀ ԱԳՆ ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին, իսկ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն է՛լ ավելի կմոտենա Կիրանց և Ոսկեպար գյուղերին։
Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները շարունակվում են նաև ապրիլի 23-ին։ Քաղաքացիները շարունակում են փակ պահել Կիրանց-Ոսկեպար ճանապարհը։ Ոստիկանությունը փակել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը, որտեղ ականազերծման աշխատանքներ են իրականացվելու։