Մեղրիի քաղաքապետ Բագրատ Զաքարյանն այսօր՝ մայիսի 15-ին, հրաժարական է տվել, հայտնում է news.am-ը՝ հղում անելով «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արմեն Հայրապետյանին։
«Ընտրություններից հետո կոալիցիոն հուշագիր էին ստորագրել «Հանրապետություն» կուսակցությունն ու «Ազատական» կուսակցությունը։ Ըստ այդ համաձայնագրի՝ 2.5 տարի կառավարելու էր «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչը, ի դեմս Բագրատ Զաքարյանի, իսկ վերջին 2.5 տարին Սամվել Բաբայանի թիմակիցը՝ Խաչատուր Անդրեասյանը»,- ասել է Հայրապետյանը։
Բագրատ Զաքարյանը Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար էր ընտրվել 2021թ․ նոյեմբերին։ ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ավագանու 15 մանդատներից 6-ը բաժին էր հասել «Հանրապետություն», 5-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր», 2-ական մանդատ էլ՝ «Ազատական» և «Ապրելու երկիր» կուսակցություններին։