Մայիսի 27-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, Դեբեդի ջրի մակարդակը նվազել է 105 սմ-ով, հայտնել է Շրջակա միջավայրի նախարարությունը։
Ըստ գերատեսչության տվյալների՝ Ձորագետ և Փամբակ գետերում (Դեբեդի վտակներ) ջրի մակարդակը նվազել է համապատասխանաբար 70 սմ-ով և 50 սմ-ով, Տաշիր գետում (Ձորագետի վտակ)՝ 57 սմ-ով։
Մայիսի 26-ի համեմատ զգալիորեն նվազել է նաև Աղստև գետի ջրի մակարդակը՝ 50 սմ-ով և Կիրանցում՝ 125 սմ-ով, հայտնել են գերատեսչությունից։
Հայաստանում մայիսի 26-ին Դեբեդ գետը վարարել էր ու Լոռու և Տավուշի մարզում ավերածությունների, զոհերի պատճառ դարձել։ Ավերվել էին կամուրջներ ու ճանապարհներ, մարդկանց տարհանել են: Ջրհեղեղի հետևանքով հեղեղվել էր նաև Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 31 կմ հատվածը, ավերվել էին գետի երկու կամուրջները, մայրուղին, վնասվել է երկաթուղային ենթակառուցվածքը:
Վարարել էին Աղստև, Տաշիր գետերը, հորդառատ անձրև է եկել Երևանում։ Հեղեղների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանն օպերատիվ շտաբ է ձևավորել։