Երևանում հունիսի 17-ին մեկնարկել է ժողովրդավարության հարցերով ԱՄՆ-Հայաստան համաժողովը, հայտնում է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունը: Պատվիրակները կայցելեն հայաստանյան մի շարք քաղաքներ՝ քննարկելու երկխոսության խորացման, մասնավոր հատվածի հետ գործընկերության և քաղաքացիական հասարակության հետ համագործակցության հարցերը:
Համաժողովը բացել են ԱՄՆ պետքարտուղարի կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման և Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը: Ամերիկյան պատվիրակության կազմում են նաև Պետդեպարտամենտի առևտրային և գործարար հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուն, քաղաքային և պետական դիվանագիտության հարցերով հատուկ ներկայացուցիչ Նինա Խաչիգյանը, Գլենդելի, Սքրանթոնի, Հելենայի և Փասադինայի քաղաքապետերը:
«Համաժողովը, որն իր տեսակի մեջ առաջինն է, միավորում է Հայաստանի և ԱՄՆ-ի քաղաքապետերին, ինչպես նաև տարածաշրջանային, պետական և նահանգային ղեկավարներին՝ երկօրյա մտքերի փոխանակման համար, թե ինչ է նշանակում լինել տեղական առաջնորդ ժողովրդավարության պայմաններում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Համաժողովի մասնակիցները հայտարարել են Ստեփանավան (Լոռու մարզ) և Հելենա (Մոնտանա նահանգ), Արմավիր (Արմավիրի մարզ) և Սքրանթոն (Փենսիլվանիա նահանգ) քաղաքների, ինչպես նաև Տավուշի մարզի և Միչիգան նահանգի միջև համագործակցություն սկսելու ծրագրերի մասին:
«Մասնակիցները հանդիպումներ կունենան քույր քաղաքներում և նահանգներում՝ առաջիկա ամիսներին երկխոսությունն ու համագործակցությունը խորացնելու գաղափարներ փոխանակելու համար։ Նպատակն ամուր գործընկերային հարաբերություններ ստեղծելն է, որոնք կնպաստեն Հայաստանի և ԱՄՆ ժողովուրդների փոխըմբռնմանը, լավ կառավարմանը, տնտեսական զարգացմանը, խաղաղությանն ու բարգավաճմանը»,- եզրափակել է գերատեսչությունը:
Հայաստանի և ԱՄՆ կառավարությունները հունիսի 11-ին մաքսային մարմինների փոխօգնության համաձայնագիր էին կնքել: Միացյալ Նահանգները նաև հայտարարել էր Հայաստանի պաշտպանական ոլորտի բարեփոխումներին աջակցությունը շարունակելու մասին: Երևանը Վաշինգտոնի հետ ռազմավարական երկխոսություն էր սկսել 2022 թվականի մայիսին։