Ստացվում է՝ Սյունիքում շատ խիտ ճանապարհային ցանց ենք ստեղծում, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի այցը Սյունիքի մարզ շարունակվում է։
«Սա շատ կարևոր է։ Իմ ընկալումն այն է, որ խելամիտ պետք է արվեն ծախսերը, սակայն ճանապարհը շատ չի լինում։ Որքան շատ ճանապարհներ լինեն, այնքան կլինեն հոսքեր, ներդրումներ, տնտեսական ակտիվություն։ Պետք է հույս ունենանք, որ բեռնահոսքերը հիմնականում Հյուսիս-հարավը կսպասարկի, իսկ մյուս ճանապարհները կսպասարկեն տուրիստական հոսքերը»,- ասել է վարչապետը։
Նա հավելել է, որ երբ խաղաղության հարցը լուծվի, զբոսաշրջիկների մեծ հոսքեր են լինելու։ Դա ըստ նրա, Սյունիքի զարգացման ռազմավարական պատկերացումն է։
Վարչապետը հետևել է Տաթև-Աղվանի միջպետական նշանակության 19,5 կմ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Ծրագրի արժեքը 3,375 մլրդ դրամ է։ Միջոցները տրամադրել է կառավարությունը:
«Սյունիքում և, առհասարակ, Հայաստանի ողջ տարածքում իրականացվող լայնածավալ ճանապարհաշինարարական աշխատանքները հնարավորություն են տալիս այսօր արդեն խոսել նոր ճանապարհային ցանցի ստեղծման և դրանից ակնկալվող արդյունքների մասին»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետը նշել է, որ Հայաստանում նաև վճարովի ճանապարհների մեխանիզմ կարելի է ներդնել։ Նրա խոսքով՝ դա տեսականորեն մեծ հնարավորություններ կստեղծի, սակայն սա դեռ պետք է քննարկել, հասկանալ։
«Մեկը չի շտապում, ուզում է բնությունը վայելել, մյուսն շտապում է, ուզում է վճարել և առաջ շարժվել։ Եթե մենք մեր ակնկալած որակով Հյուսիս-հարավն ստեղծում ենք, կարող է օբյեկտիվ անհրաժեշտություն լինի տեղական հոսքերը դուրս բերենք՝ միջազգային հոսքերն սպասարկելու համար»,- նշել է նա։
Վարչապետը հավելել է, որ չի կարելի հույսը դնել միայն մեկ ճանապարհի վրա, կարող են լինել սողանքներ, փլուզումներ և այլն։ Պետք է հնարավորինս շատ այլընտրանքներ ստեղծել։
Հունիսի 16-ին վարչապետն այցելել էր Սյունիքի մարզ՝ մարզկենտրոն Կապան և համայնքի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ գյուղեր, Քաջարան քաղաք, ծանոթացել ճանապարհաշինական աշխատանքներին և տեղի բնակիչների խնդիրներին: Վարչապետն այցելել էր Շուռնուխ բնակավայր, որի մի մասն Ադրբեջանին է անցել 2020 թվականի պատերազմից հետո։
Փաշինյանը ծանոթացել էր Սյունիք գյուղից Կապան մուտք գործող ճանապարհահատվածի, ինչպես նաև Կապանից դեպի սահմանամերձ Ճակատեն գյուղ նոր ճանապարհի կառուցման աշխատանքներին։ Կառավարության ղեկավարին էր ներկայացվել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու Ագարակ-Քաջարան 32 կմ հատվածի շինարարական աշխատանքների ընթացքը, որոնք մեկնարկել են 2024թ. մայիսին, իսկ ավարտը նախատեսված է 2026թ. վերջին: