Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 12-ին այցելել է Արագածոտնի մարզ, ծանոթացել 2023 թվականին իրականացված աշխատանքներին և ընթացքի մեջ գտվող ծրագրերին, հայտնում են ՀՀ կառավարությունից։
Փաշինյանը նախ այցելել է Աշտարակ համայնք: Սուբվենցիոն ծրագրով համայնքի 25 բնակավայրերում իրականացվել են 22.4 կմ ասֆալտապատման աշխատանքներ: Աշտարակում կառավարության ղեկավարն այցելել է նոր կառուցված խաղադաշտ: Ընդհանուր առմամբ՝ Աշտարակ և Բազմաղբյուր բնակավայրերում կառուցվել է 4 խաղադաշտ:
Վարչապետին Աշտարակում ներկայացվել են տուֆ քարով սալապատված փողոցները: Նման աշխատանքներ են իրականացվում նաև համայնքի Ավան, Բյուրական, Լեռնարոտ, Ոսկեվազ, Վերին Սասունիկ և Ուջան բնակավայրերում։ Սալապատված փողոցների ընդհանուր երկարությունը կլինի 2.5 կմ:
Կառավարության ղեկավարի հաջորդ կանգառը Սասունիկում էր, որտեղ կառուցվում է միջնակարգ դպրոց՝ Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում՝ Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Երկհարկանի դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար: Շինարարական աշխատանքներն ավարտին կհասցվեն 2025 թվականին:
Փաշինյանը ծանոթացել է Աշտարակի բժշկական կենտրոնի վերակառուցման աշխատանքներին: Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի վերակառուցված և կահավորված հիվանդանոց: Աշխատանքներն ավարտին կհասցվեն 2025 թվականին:
Կառավարության ղեկավարին է ներկայացվել Մ-3 միջպետական նշանակության ավտոճանապարհի 3,9 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը։ Ծրագրի նպատակով կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 798 մլն դրամ: Աշխատանքները կավարտվեն մոտ ժամանակներս:
Ապարան համայնքում վարչապետը ծանոթացել է Շենավան բնակավայրում սուբվենցիոն ծրագրով նոր մանկապարտեզի կառուցման աշխատանքներին։ Մանկապարտեզը նախատեսված է 60 երեխայի համար: Արդեն իսկ կատարվել է շինարարական աշխատանքների 85 %-ը:
Կառավարության ղեկավարին ներկայացվել են Ապարան, Արագած, Արայի, Ափնագյուղ, Եղիպատրուշ, Ծաղկաշեն, Լուսագյուղ, Կայք, Չքնաղ, Թթուջուր, Ձորագլուխ, Վարդենիս, Վարդենուտ, Մելիքգյուղ, Քուչակ, Հարթավան, Շենավան,Սարալանջ և Նիգավան բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները:
Ալագյազ համայնքի Ռյա-Թազա բնակավայրում վարչապետը շփվել է գյուղացիների հետ, ծանոթացել կաթի մթերման գործընթացին: Փաշինյանը նկատել է, որ կաթի մթերման գնի հետ կապված գրեթե ամեն տարի առաջանում են խնդիրներ: Վարչապետի խոսքով՝ լուծումն անցումն է դեպի «խելացի անասնագոմ», որի արտադրական շղթայում մարդու ձեռքը չի կպնում, ինչը միանգամից ազդում է գնի վրա: Կառավարության ղեկավարը շեշտել է, որ վերոնշյալ ծրագրի առավելությունն ու արդյունավետությունն ակնհայտ է:
Վարչապետն այցելել է նաև /Մ-3/-Լեռնապար ավտոճանապարհի հիմնանորոգված 3,8 կմ հատված: Ծրագրի արժեքը 537,8 մլն դրամ է։
Վարչապետի հաջորդ կանգառն Ալագյազի մոդուլային մանկապարտեզում էր, որի կառուցումը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Նախատեսվում է կառուցել 144 տեղ հզորությամբ մանկապարտեզ: Այն շահագործման կհանձնվի այս տարվա ընթացքում:
Ալագյազում կառավարության ղեկավարը ծանոթացել է նաև համայնքային կենտրոնի կառուցման աշխատանքների ընթացքին։ Կառուցվում է միահարկ համայնքի կենտրոն, որը ըստ իր ֆունկցիոնալ յուրահատկության բաժանված կլինի երեք հատվածամասերի: Ալագյազում կառուցման փուլում են նաև ըմբիշներ Ռոման և Մալխաս Ամոյանների անվան մարզադպրոցը, իսկ հանրակրթական դպրոցի նախագծման աշխատանքներն ընթացքի մեջ են:
Շամիրամ համայնքում իրականացվել են ներհամայնքային փողոցների ասֆալտապատման աշխատանքներ։ Վարչապետը զրուցել է բնակիչների հետ:
Վարչապետին են ներկայացվել Հյուսիս-հարավ մայրուղու ներդրումային ծրագրի (Տրանշ 2) շրջանակում իրականացվող Մ1 Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 34 կմ հատվածի շինարարական աշխատանքները: Ծրագրի արժեքը 75,9 մլն դոլար է: Աշխատանքների ավարտը նախատեսված է 2025 թվականին:
Մեծաձոր խոշորացված համայնքում Փաշինյանը ծանոթացել է Մեծաձոր և Օթևան բնակավայրերի խմելու ջրի ներքին ցանցի կառուցման աշխատանքներին։ Ծրագրի իրականացման արդյունքում Մեծաձոր համայնքի Մեծաձոր և Օթևան բնակավայրերում իրականացվել են խմելու ջրի ներքին ցանցի կառուցման աշխատանքներ: Մեծաձոր բնակավայրում կառուցվել է 500 մ խմելու ջրագիծ, իսկ Օթևանում՝ 600 մ ջրագիծ:
Կառավարության ղեկավարն այնուհետև ծանոթացել է Թալինի ավագ դպրոցի մարզադահլիճի կառուցման աշխատանքներին և ստեղծված պայմաններին։ Նշվել է, որ ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներից, արժեքը 189,2 մլն դրամ է։
Վարչապետն այցելել է նաև Արևուտ խոշորացված համայնք, որտեղ Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում համայնքի կոմունալ ծառայությունների բարելավման նպատակով համայնքին տրամադրվել է 1 միավոր բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, 1 միավոր հիդրոմուրճ, 1 միավոր փոքր շերեփ: Ծրագրի արժեքը 28,3 մլն դրամ է:
Վարչապետը հաջորդիվ ծանոթացել է Տ-1-63,/Հ-81/ (Թաթուլ) – Կանչ – Հակո ավտոճանապարհի 12,1 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Ծրագրի արժեքը 1 մլրդ 337,4 մլն դրամ է։ Աշխատանքների ավարտը նախատեսված է ընթացիկ տարում:
Կառավարության՝ կրթական օբյեկտների շենքային պայմանների բարելավում ծրագրի շրջանակում Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցի հանդիսությունների դահլիճի վերանորոգման աշխատանքներն են ներկայացվել վարչապետի մարզային այցի շրջանակում։ Ծրագրի արժեքը 9,8 մլն դրամ է: Դահլիճի ամբողջական կահավորման համար դպրոցի միջոցներից 5,5 մլն դրամի հատկացմամբ ձեռք է բերվել գույք։ Ծրագրի իրականացման արդյունքում դպրոցի հանդիսությունների դահլիճն ամբողջությամբ վերանորոգվել է:
Փաշինյանն այցելել է նաև Արագածավանի թիվ 1 միջնակարգ դպրոց, ծանոթացել կառուցման աշխատանքներին: 432 աշակերտի համար նախատեսված դպրոցը կառուցման արժեքը 2 մլրդ 327,3 մլն դրամ է: Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ: Շինաշխատանքների ավարտը նախատեսվում է 2025 թ․-ին:
Վարչապետի վերջին կանգառն Արագածավանի ինտենսիվ այգիներում էր, որոնք ստեղծվել են պետության սուբսիդավորմամբ գյուղատնտեսական վարկի միջոցով: