Տավուշի մարզի սահմանամերձ ճանապարհի Աճարկուտ-Կիրանց հատվածի վերանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի Տավուշ կատարած այցից հետո հայտնել են կառավարության մամուլի ծառայությունից։
Ըստ գերատեսչության՝ ճանապարհաշինարարական ծրագրերի շրջանակում Փաշինյանը ծանոթացել է Աճարկուտ-Կիրանց 3,7 կմ հատվածի վերակառուցման աշխատանքներին։ Ծրագրի նախահաշիվը կազմում է շուրջ 1,1 մլրդ դրամ:
«Ավարտին են մոտենում ճանապարհի կահավորման և հենապատերի կառուցման աշխատանքները։ Ճանապարհի ընդհանուր երկարությունը մոտ 0,7 կմ է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հուլիսի 24-ին հայտարարել էր, որ Կիրանցում նոր ճանապարհի կառուցման աշխատանքներ են ընթանում, իսկ հայ-ադրբեջանական նոր սահմանն առանձնացնում են բետոնապատնեշն ու թիթեղյա ցանկապատը։
ՀՀ կառավարությունը մայիսի 15-ին հայտարարել էր, որ սահմանազատումից և սահմանագծումից հետո Կիրանցում ճանապարհների հետ կապված խնդիրներ կառաջանան և խոստացել էր լուծել այն 3 ամսվա ընթացքում։ Մայիսի 19-ին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ մեկնարկել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի վերակառուցումը, որը շահագործման կհանձնվի 2 ամսից։