Ախթալայի նոր (ժամանակավոր) կամրջի կառուցման աշխատանքներով պայմանավորված դեպի Ախթալա, Շամլուղ, Քարկոփ, Մեծ Այրում, Փոքր Այրում, Ճոճկան, Բենդիկ բնակավայրեր տանող ավտոճանապարհները փակ կլինեն, հայտնում են Ալավերդու համայնքապետարանից:
Ճանապարհները կփակվեն օգոստոսի 19-ին` առավոտյան ժամը 08։00-ից մինչև օգոստոսի 23-ը` ժամը 08:00-ն։ Հետիոտնային անցման համար նախատեսված կամուրջը փակ կլինի միայն օգոստոսի 19-ին:
«Հրատապ առաջացած կարիքների դեպքում խնդրում ենք կապ հաստատել բնակավայրերի վարչական ղեկավարների հետ կամ զանգահարել Ալավերդու համայնքապետարան։ Հայցում ենք բնակիչնեի ներողամտությունը և խնդրում լինել համբերատար»,- ասված է հայտարարությունում։
Հայաստանում մայիսի 26-ին Դեբեդ գետը վարարել էր ու Լոռու և Տավուշի մարզում ավերածությունների, 4 զոհի պատճառ դարձել։ Ավերվել էին կամուրջներ ու ճանապարհներ, մարդկանց տարհանել էին: Ջրհեղեղի հետևանքով հեղեղվել էր նաև Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 31 կմ հատվածը, ավերվել էին գետի երկու կամուրջները, մայրուղին, վնասվել էր երկաթուղային ենթակառուցվածքը:
Վարարել էին նաև Աղստև, Տաշիր գետերը, հորդառատ անձրև էր տեղացել Երևանում։ Հեղեղների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանն օպերատիվ շտաբ էր ձևավորել։ Մայիսի 26-ին վարչապետն այցելել էր աղետի գոտի։
ՀՀ կառավարությունը Լոռու և Տավուշի մարզի 39 քաղաքներ ու գյուղեր հայտարարել էր աղետի գոտի։ Մայիսի 30-ին Լոռիում և Տավուշում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների գնահատման համար ՀՀ-ն դիմել էր ԵՄ-ին ու ՄԱԿ-ին։
Հունիսի 28-ին Armenia Today-ի նկարահանող խումբն այցելել էր Լոռու մարզի ջրհեղեղից տուժած գյուղեր, բնակիչները պատմել էին, թե ինչպես են փրկվել ջրհեղեղից։