ՀՀ Սյունիքի մարզում և Ներքին Հանդ գյուղի մերձակայքում ադրբեջանցի զինվորականները հակահետևակային և հակատանկային ականներ են տեղադրել, Շիկահողի արգելոցի հազարավոր ծառեր են հատել և գյուղի բնակիչներին զրկել են խմելու ջրից, հայտարարել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Ներքին Հանդում ադրբեջանական զինուժը տեղադրել է OZM-72 և PMN-2 հակահետևակային ականներ, ինչպես նաև TM-57 հակատանկային ականներ։ TM-57 ականները տեղադրված են ադրբեջանական դիրքերից 70-80 մետր հեռավորության վրա, իսկ OZM-72 հակահետևակային ականները՝ մոտավորապես 30 մետր հեռավորության վրա, OZM-72-ի ոչնչացման շառավիղը 25 մետր է։ PMN-2 ականները տեղադրված են դիրքերից 10-15 մետր հեռավորության վրա»,- ասված է Թաթոյան հիմնադրամի հաղորդագրության մեջ։
Նախկին օմբուդսմենի հիմնադրամը պարզաբանել է, որ OZM-72 բազմակողմ ականը գործարկվում է, երբ մարդը դիպչում է ձգված մետաղալարին, որից հետո անվնաս մնալը գրեթե անհնար է։ PMN-2 հակահետևակային ականը պայթում է, երբ մարդ ոտք է դնում դրա վրա։ Պայթյունի հետևանքով ոտքի ստորին հատվածում լուրջ վնասվածքներ է ստանում։ TM-57 հակատանկային ականը՝ 200-600 կգ ճնշման զգայունությամբ, օգտագործվում է տանկերի, մեքենաների և զրահատեխնիկայի ոչնչացման համար, հավելել է հիմնադրամը։
Նախկին օմբուդսմենը հիշեցրել է, որ Ներքին Հանդը երեք կողմից շրջափակված է ադրբեջանական ապօրինի 25 զինված դիրքով, որոնցից 15-ը գտնվում է գյուղի տարածքում։ Միայն այս տարածքում օկուպացված է 2700 հա հայկական տարածք։ Ներքին Հանդի ադրբեջանական դիրքերից մինչև բնակելի շենքեր հեռավորությունը 550,79 և 800,87 մետր է, գյուղի դպրոցը՝ 769 մետր, գրավված գերեզմանատունը՝ 81,42 մետր, իսկ Ծավ գետը՝ 53,83 և 15,97 մետր։
Թաթոյանը հավելել է, որ Շիկահողի պետական արգելոցում ադրբեջանական դիրքեր և ռազմական ճանապարհներ կառուցելու համար ապօրինի հատվել է ավելի քան 10,000 ծառ, ոչնչացվել են հարյուրավոր վայրի կենդանիներ, ինչը հանգեցրել է շրջակա միջավայրի հրատապ վնասի։
«Ադրբեջանն անցակցնում է շրջակա միջավայրին վերաբերող COP29 միջոցառումը, մինչդեռ հենց ինքն ավերում է Հայաստանի շրջակա միջավայրը. այս փաստերը պետք է հնարավորին ներկայացնել աշխարհի հարթակներում` ադրբեջանական իրական մտադրությունները ցույց տալու համար»,- եզրափակել է նա:
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպանը մարտի 3-ին հայտարարել էր, որ Ներքին Հանդ գյուղը երեք կողմից շրջապատված է ադրբեջանցի զինվորականների 25 դիրքով։ Սյունիքի մարզպետը հունիսի 5-ին հայտնել էր գյուղի հատվածից ռուս սահմանապահների դուրսբերման մասին:
Սեպտեմբերի 24-ին Թաթոյանը հայտնել էր, որ Ներքին Հանդի՝ ադրբեջանական ուժերի ներխուժած հատվածներում ականների գրեթե ամենօրյա պայթյուններ են տեղի ունենում։ Ընդհանուր առմամբ՝ Բաքուն վերահսկում է 2700 հեկտար գյուղի տարածք, ևս 1000 հեկտարը գտնվում է վտանգավոր գոտում։ Սեպտեմբերի 30-ին Թաթոյանը հայտնել էր, որ Ներքին Հանդում մարդիկ իրենց խոհանոցում օգտագործում են գետի ջուրը։