«Քաղաքացիական պայմանագիրը» ծրագրում է առաջիկա ընտրություններում Կապանի քաղաքապետ դարձնել իշխանությանը մոտ կանգնած գործարար Էդգար Հակոբյանին, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Թերթի տեղեկություններով՝ հոկտեմբերի 18-ին Կապանում կարգավորող պահանջների խախտման պատճառով ապամոնտաժվել է գործարարին պատկանող գազալցակայանը։
«Քաղաքում խոսում են, որ Կապանի ղեկավար Գևորգ Փարսյանը, ով վերջին ժամանակներում հայտնվել է իշխանության թիրախում, նույնպես անցել է հակագրոհի և որոշել է այլևս աչք չփակել անվտանգային չափանիշներին չհամապատասխանող բենզալցակայանի վրա, ու քանդելու որոշում է կայացվել»,- գրում է թերթը։
ԶԼՄ-ն, հղում անելով իր աղբյուրին, տեղեկացնում է, որ լցակայանի սեփականատեր Հակոբյանին ՔՊ-ն պատրաստվում է առաջիկա ընտրություններին քաղաքապետ դարձնել։
«Հրապարակի» հետ զրույցում Հակոբյանն ասել է, որ Փարսյանն «իր հարազատ մարդն է, և ինքը, ըստ էության, առարկություն չունի այդ որոշման վերաբերյալ», քանի որ լցակայանի կողքին շենք էր կառուցում, եկել է ավարտական ակտն ստանալու պահը, որը հրաժարվել են տրամադրել` բենզալցակայանի առկայության պատճառով։
Գործարարը կոռեկտ չի համարել խոսել քաղաքապետի թեկնածու դառնալու մասին և հայտարարել է, որ «հիմա քաղաքը քաղաքապետ ունի»։
«Նման խոսակցություններ լսել եմ։ Վարչապետի, իշխանական թևի հետ շատ բարձր մակարդակի, բարիդրացիական հարաբերություններ ունեմ, բայց այս պահին քաղաքականությամբ զբաղվելու միտք չունեմ, դեռ բիզնեսներն ենք անում»,- ասել է նա։
Սեպտեմբերի 24-ին ԶԼՄ-ն տեղեկացրել էր, որ իրավապահները Կապանի քաղաքապետարանից առգրավել էին քաղաքապետարանի և քաղաքապետի հոր՝ «Նորոգշինի» ընկերության սուբվենցիաների հետ կապված ֆինանսական փաստաթղթերը։ Ուժայինների գործողությունները թերթը բացատրել էր Սյունիքում «ջերմ ընդունելությամբ», որը Փարսյանը մի քանի ամիս առաջ ցուցաբերել էր ընդդիմության առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։