Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում 2025 թվականի հունվարի 11-13-ը նախնական ընտրություններ՝ փրայմըրիզ անցկացնելու մասին։
Փարաքարում համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար կընտրեն. առաջադրվելու համար թեկնածուները մինչև 2025 թվականի հունվարի 2-ը պետք է ուղարկեն ինքնակենսագրություն և մոտիվացիոն նամակ «Քաղաքացիական պայմանագիր» էլեկտրոնային հասցեին։
«Ինքնաառաջադրվող թեկնածուն պետք է լինի ՔՊ անդամ, համախող, կամ համակիր։ Վերջին 6 ամսում պետք է հաշվառված լինի Փարաքար խոշորացված համայնքում»,- նշել է վարչապետը։
Փաշինյանը հավելել է, որ թեկնածուների գրանցումից հետո հունվարի 11-13-ը Փարաքարում՝ Գյումրիի օրինակով, տեղի կունենա նախնական քվեարկություն, որի արդյունքում հաղթած թեկնածուն կնշանակվի Փարաքարի ղեկավարի պաշտոնակատար և 95 և ավել տոկոս հավանականությամբ՝ արտահերթ ընտրություններում կգլխավորի ՔՊ-ի համամասնական ցուցակը։ Ընտրությունները տեղի կունենան մարտի վերջին։
Նոյեմբերի 26-ին վարչապետը հայտարարել էր փրայմըրիզ՝ Գյումրու ժամանակավոր ղեկավարի ընտրության համար։ Ընտրությունների արդյունքներով նա համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակել Սարիկ Մինասյանին։
Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար, «Քաղացիական պայմանագիր» կուսակացության ներկայացուցիչ Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական էր ներկայացրել նոյեմբերի 18-ին։ ԶԼՄ-ները նրա հրաժարականը կապել են նոյեմբերի 16-ին Երևանի Աջափնյակ համայնքի Նազարբեկյան փողոցում տեղի ունեցած սպանության հետ։
Shamshyan.com-ը հայտնել էր, որ նոյեմբերի 16-ին Երևանում հնչած կրակոցի հետևանքով սպանվել էր Ֆրանսիայից Հայաստան ժամանած 42-ամյա Արթուր Մանուկյանը։ «Հրապարակ»-ը գրել էր, որ սպանության վայրում է գտնվել նաև Փարաքար համայնքի ղեկավարը։ Նա, ըստ աղբյուրի, ոտքի հրազենային վնասվածք էր ստացել։ Թերթը նաև հայտնել էր, որ Գյուլնազարյանի ընկերը հետախուզվում է սպանության կասկածանքով։
Նոյեմբերի 16-ին ՔԿ-ն դեպքի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն, առավելագույն պատիժը՝ 15 տարվա ազատազրկում) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը, առավելագույն պատիժը՝ ազատազրկում 5 ժամկետով) հատկանիշներով։ Գյուլնազարյանը Փարաքարի ղեկավար էր ընտրվել մայիսին։