Փարիզում բացվել է Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի կողմից կազմակերպված հայկական չորրորդ փառատոնը։ Այն բացել են Ֆրանսիայի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Փարիզի 8-րդ շրջանի քաղաքապետ Ժանն Դ՚Օտսերը, Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետ Դելֆին Բյուրկլին, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Սիլվեն Մայարը, Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանատունը։
«Փառատոնի ընթացքում ելույթ են ունեցել հայկական երաժշտական և պարային խմբեր, իսկ հայկական խոհանոցը և արվեստը ներկայացված է եղել բազմաթիվ տաղավարներով»,- ասված է դեսպանատան հայտարարության մեջ։
Նշենք, որ Ֆրանսիայում հայկական փառատոնն անցկացվում է 2018 թվականից ի վեր։ Դրա բացման մասին Ֆրանսիայի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը մի առիթով ասել է, որ երբ խոսել է փառատոն հիմնելու նպատակի մասին, իր շրջապատում կարծել են թե խոսքն ընդամենը փոքր հյուրասիրության մասին է` «20 քյաբաբ-լավաշով», բայց եկեղեցու առաջնորդն ասել է, որ ինքը մեծ ծավալով միջոցառման մասին է խոսում, ոչ թե 20, այլ` 2 հազար ու ավելի հյուրի մասին։
Նշենք, որ փառատոնի ժամանակ փողոցում դադարեցվում է երթևեկությունը, եկեղեցու դիմաց տոնական տրամադրություն է տիրում, հայկական երաժշտություն, տարբեր տաղավարներ և, իհարկե, հայկական ուտեստներ։
Տոնին ամեն անգամ մասնակցում է ՀԱԵ Ֆրանսիայի թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Փարիզի 8-րդ թաղամասի թաղապետ Ժան դ՚Օթստեղտ և «Առաջնորդարանի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Ռեմի Մակինաջյանը։