Նարինե Աբգարյանի «Զուլալի» վիպակի հիման վրա ռեժիսոր Հայկ Օրդյանի նկարահանած համանուն ֆիլմը հոկտեմբերի 21-ից հնարավոր կլինի դիտել բոլոր կինոթատրոններում: Այս մասին հայտնել է «Զուլալի»-ի պաշտոնական էջը։
«Օրդեր ֆիլմ» ֆիլմարտադրող ընկերությունը ռուսաստանաբնակ ճանաչված գրող Նարինե Աբգարյանի «Զուլալի» վիպակի էկրանավորումը սկսել է դեռևս 2019 թվականից։ Այն ֆիլմարտադրող ընկերության հիմնադիր, ռեժիսոր Հայկ Օրդյանի՝ Ռուսաստանից Հայաստան վերադառնալուց հետո լիամետրաժ խաղարկային ֆիլմի առաջին նախագիծն է։
«Նարինե Աբգարյանի «Զուլալի»-ի էկրանացումը» քննարկումը Գրքի երևանյան փառատոնի միջոցառումների ծրագրում էր։
Նշենք, որ ավելի քան 30 տարվա դադարից հետո մեծ էկրան կբարձրանա Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը՝ Հայկ Օրդյանի «Զուլալի» ֆիլմում։ Մաեստրոն ասել է, որ ներշնչվել է ֆիլմի առաջին իսկ պատկերներից։
«Զուլալի»-ն ժամանակի ընթացքը չնկատող, ճախրելուց չվախեցող և անգամ ողբերգականի մեջ զվարճալին գտնող մարդկանց դառն ու ուրախ աշխարհի մասին է: Տարեցների ու երեխաների, չափահասների ու հավատը կորցրած, բայց չհուսահատված մարդկանց աշխարհի՝ մեկընդմիշտ մխրճված այն չափման մեջ, որտեղ երազանքները երբևէ անպայման իրականություն են դառնում։