Հայաստանի ազգային պատկերասրահը շարունակում է իտալական հարուստ ժառանգությունն ու պատմությունը, արվեստն ու մշակույթը բացահայտող նախագծերի շարքը «Մեկ օր Պոմպեյում» ծավալուն ցուցադրությամբ: Այն ընդգրկում է 79 թվականին Վեզուվի ժայթքման հետևանքով կործանված հռոմեական քաղաքի առօրյան, նիստուկացը, բարքերն ու սովորույթներն արտացոլող կենցաղային իրեր, մարմարե ու բրոնզե արձանիկներ, ոսկե, արծաթե նրբագեղ զարդեր, որմնանկարների բեկորներ և եզակի այլ նմուշներ՝ պատկերացում տալով երբեմնի ծաղկուն քաղաքի կյանքի մասին նախքան ողբերգական վախճանը:
Ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանում Իտալիայի դեսպանության ու Պոմպեյի հնագիտական արգելոցի համագործակցությամբ և Glocal Project Consulting ընկերության աջակցությամբ:
Ազգային պատկերասրահից հայտնում են, որ ցուցահանդեսի բացումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին, ժամը 17:00-ին։