Փետրվարի 19-ին՝ ժամը 16.00-ին, Բելունո քաղաքի Պալացցո Ֆուլչիսի մեծ դահլիճում Անտոնիա Արսլանը կներկայացնի ճարտարապետ Արա Զարյանի և վերականգնող Քրիստին Լամուրեի «Դադիվանք. 1214 թվականին կառուցված Կաթողիկե եկեղեցու՝ 1297 թվականին թվագրված որմնանկարների պահպանությունն ու վերականգնումը» գիրքը։ Այս մասին հայտնում են Իտալիայում ՀՀ դեսպանատնից։
Գրքի ներածության մեջ Անտոնիա Արսլանը նշել է․
«Ինձ բախտ է վիճակվել լինել Դադիվանքում։ Ես հիշում եմ այնտեղի անհավանական մթնոլորտն ու հոգևոր ուժը»։
Շնորհանդեսին կմասնակցեն գրողներ և պաշտոնատար անձինք, մասնավորապես նաև Բելունոյի քաղաքապետարանի մշակույթի հարցերով խորհրդականը։
Դադիվանքը հայկական առաքելական միջնադարյան վանական համալիր է, որը գտնվում է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղում՝ Դադիվան լեռան լանջին՝ Թարթառ գետի ձախ ափին։ Պատմականորեն եղել է Մեծ Կվենք գավառի հոգևոր առաջնորդարանը։ Կոչվել է նաև Խութավանք, որովհետև կառուցվել է խութի (բլրակի) վրա։ 44-օրյա պատերազմի արդյունքում Դադիվանքը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։