Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ուղերձ է հղել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ: Նա նշել է, որ
այս տարի Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը Հայաստանի համար ունի առանձնահատուկ նշանակություն, քանի որ տոնում ենք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի լիիրավ անդամակցության տասնամյակը։
«Հայաստանն ու Ֆրանկոֆոնիան միավորող մշակութային և պատմական կապերն ամուր են ու անքակտելի և բխում են ֆրանսախոս համայնքում գերակայող փոխադարձ համագործակցության ոգուց։
Այս տարիների ընթացքում մեր երկիրը մեծ ոգևորությամբ է կյանքի կոչել Ֆրանկոֆոնիայի արժեքներն առաջ մղելու իր հանձնառությունը՝ ի նպաստ մշակութային բազմազանության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների խրախուսման, և հանդես է գալիս այդ ուղղությամբ իր ջանքերը շարունակելու վճռականությամբ։
Հայաստանի համար մեծ պատիվ էր հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովը, և մենք նույն եռանդով շարունակում ենք իրականացնել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի՝ 2018 թվականին ստանձնած նախագահությունը: Այս նախագահության սահուն ընթացքը, Կազմակերպության արդյունավետ աշխատանքի ապահովումը, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի գաղափարների տարածումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից են»,-ասել է նա՝ նշելով, որ այս տարի ևս Հայաստանը եռանդուն կերպով ներգրավված է մշակութային և կրթական միջոցառումների կազմակերպման գործում՝ տոնելու ֆրանկոֆոն մշակույթի հարստությունն ու բազմազանությունը, ինչպես նաև մեր ընդհանուր արժեքները:
«Այս նպատակով Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում կկազմակերպվեն բազմաթիվ միջոցառումներ` երկրում գործող ֆրանկոֆոն հաստատությունների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ու համայնքների մասնակցությամբ, որոնք իրենց նվիրվածությամբ և ստեղծագործ եռանդով ապահովում են Ֆրանկոֆոնիայի երկամսյակի հաջողությունը։ Համոզված եմ, որ այս նախաձեռնությունները թույլ կտան ամրապնդել ֆրանկոֆոն աշխարհը միավորող համերաշխության և բարեկամության կապերը՝ ամրապնդելով մեր նվիրվածությունը ֆրանկոֆոն մշակույթին: Ամփոփելով՝ բարեհաջող ընթացք եմ մաղթում Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանում կազմակերպվող միջոցառումներին»,-հավելել է նա: