«Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթը դեկտեմբերի 11-ին տեղի կունենա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Այս մասին հայտնել է Եվրոպական հեռարձակողների միությունը և Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը։
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը նշում է. «Մեզ համար մեծ պատիվ է «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթը հյուրընկալել աշխարհի ամենահին մայրաքաղաքներից մեկում՝ Երևանում: Անելու ենք առավելագույնը, որ «Մանկական Եվրատեսիլն» իր կոնցեպտով և շոուով հիշարժան լինի թե՛ մրցույթի մասնակիցների, թե՛ բազմամիլիոնանոց հեռուստալսարանի համար»:
Հայաստանը երկրորդ անգամ է հաղթում մանկական Եվրատեսիլում:
Կիրակի օրը Փարիզում անցկացված «Մանկական Եվրատեսիլ-2021» երգի մրցույթում հաղթեց Հայաստանը ներկայացնող Մալենան՝ «Քամի քամի» երգով: 14-ամյա երգչուհին առաջին տեղը գրավեց ընդհանուր 224 միավորով:
218 միավորով երկրորդը Լեհաստանն է, 187 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ֆրանսիան:
Հայաստանը երկրորդ անգամ է հաղթում մանկական Եվրատեսիլում՝ առաջին հաղթողը Վլադիմիր Արզումանյանն էր՝ 2010 թվականին: