«Ավրորան» ուրախ է հայտարարել, որ «Երիտասարդական Ավրորայի» հաջորդ շրջափուլն սկսված է: Ամենամյա այս մրցույթը հնարավորություն է ընձեռում UWC-ի (Միացյալ աշխարհի քոլեջների) եւ Աֆրիկյան առաջնորդության ակադեմիայի ուսանողական թիմերին ներկայացնելու նախագծեր, որոնք կօգնեն հաղթահարել իրենց համայնքների մարդասիրական հրատապ խնդիրները: Այս մասին հայտնում են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Հանրային կապերի բաժնից։
«Երիտասարդական Ավրորա» նախագիծն իրականացնում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը «Միացյալ աշխարհի քոլեջների» (UWC) հետ համագործակցությամբ եւ Կրթություն բոլորի համար (Teach For All) համաշխարհային ցանցի եւ Աֆրիկյան առաջնորդության ակադեմիայի մասնակցությամբ։
Բոլոր հայտերը գնահատվում են ըստ ստեղծարարության, առաջարկված կայուն լուծումների, հետազոտության որակի եւ հնարավոր ազդեցության: Այնուհետեւ եզրափակիչ անցած երեք թիմերն իրենց գաղափարներն ու ծրագրերն են ներկայացնում ժյուրիին, որի կազմում են նշանավոր մարդասերներ, ձեռներեցներ եւ համաշխարհային առաջնորդներ: Թիմերը մրցում են 4.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհի համար, որը հնարավոր կդարձնի նախագծի հետագա զարգացումը: Բոլոր մասնակից թիմերն ստանում են նաեւ մանրամասն կարծիք-վերլուծություն եւ աջակցություն՝ իրենց նախագծի կատարելագործման եւ հետագա զարգացման համար:
Նախորդ տարի՝ 2020 թվականին հաղթած «Փեթակ-բաժանարար» թիմը ներկայացնում էին UWC Արեւելյան Աֆրիկայի ուսանողները, որոնք պաշտպանիչ պատնեշ կառուցեցին, որպեսզի ապահովեին խաղաղ գոյակցությունը փղերի եւ Տանզանիայի Սանյա Հոյի գյուղի բնակիչների միջեւ: Եղել են նաեւ երկրորդ տեղ զբաղեցրած կարեւոր առաջարկ-հայտեր եւ թիմեր, ինչպես օրինակ՝ Amaavasya-ը (2018 թ.), որը շարունակում է հնարավորություն տալ Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի կանանց՝ մասնակցելու մենստրուացիայի մասին քննարկումների, ինչը տաբու է իրենց համայնքներում: