«Զորաց քարեր» հնավայրը Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային եզակի օրինակներից է և դեռևս մեծ անհայտներ ունի թաքնված իր ընդերքում: Այս մասին հայտարարում է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ը։
«Անհրաժեշտ է լավագույնս պահպանել, վերահսկել և շարունակել արգելոցի հուշարձանախմբի ուսումնասիրությունը քայլ առ քայլ»,- ասված է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ ասված է, որ հունիսի 1-ից «Զորաց քարեր» բնակատեղի պատմամշակութային արգելոցը անցնում է տոմսային տնտեսության, գործելու են տոմսերի հետևյալ սակագները։
-ՀՀ քաղաքացիներ և ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիներ՝ 700 ՀՀ դրամ
-Օտարերկրացիներ՝ 1400 ՀՀ դրամ
-Դպրոցական տարիքի երեխաներ՝ 100 ՀՀ դրամ
-Կենսաթոշակառուներ և փախստականներ՝ 350 ՀՀ դրամ
-Ուսանողներ՝ 200 ՀՀ դրամ
-Հայերեն լեզվով բացատրություն (էքսկուրսիա)՝ 2000 ՀՀ դրամ
-Օտար լեզվով անցկացվող բացատրություն(ռուսերեն, անգլերեն)` 4000 ՀՀ դրամ։
Նշենք, որ Զորաց քարեր մեգալիթյան հուշարձանը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից 3 կմ հյուսիս: Ժողովրդական բանավոր զրույցներում այն հիշատակվում է նաև Ցից քարեր և Ղոշուն դաշ անվանական տարբերակներով:
Հուշարձանը որոշակի դասավորությամբ ուղղահայաց կանգնեցված տասնյակ քարերի մի համալիր է, տեղավորված 3 հեկտարից ավել տարածության վրա: Կառույցի բոլոր քարերը բազալտից են, մի մասի վրա կան անցքեր: